Այն առաջին գաղտնի դիվանագիտական ուղերձները, որոնք WikiLeaks կայքի տերը «հղել» է հինգ խոշոր արտասահմանյան հրատարակություններին, ոչ միայն նոր լույս են սփռել ժամանակակից քաղաքականության վրա, այլև, Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինիի արտահայտությամբ, դարձել են «սեպտեմբերի տասնմեկ համաշխարհային դիվանագիտության համար»։ Քաղաքական շատ գործիչների և փորձագետների կարծիքով, այդ ձեռնարկումը կհանգեցնի պետությունների միջև փոխվստահության խարխլման։ Այդուհանդերձ, բոլոր աղմկահարույց փաստաթղթերն արդեն դարձել են ամենագրավիչ ընթերցանությունը միլիոնավոր երկրաբնակների համար։ Ընդ որում, բոլորը փորձում են պարզել իրենց իշխանությունների, հարևանների և գործընկերների մասին բոլոր գաղտնիքները և ամենից հաճախ իմանում են ամենատհաճ բաներ։ Ասենք, կա նաև մեդալի հակառակ կողմը։ Այսպես, ուկրաինացիներն արդեն կատակում են, թե Յանուկովիչի վերաբերյալ «արտահոսքերի» բացակայության փաստերը նրան և երկիրը հետնապահ են դարձնում այդ համաշխարհային «չարախոսության տոնավաճառում»։ Իսկ մենք բաց թողնենք համաշխարհային առաջնորդների բնութագրերն ու նրանց մականունները և ուշադրություն դարձնենք հրապարակվող այն փաստաթղթերին, որոնք անմիջականորեն կապված են մեր տարածաշրջանի և աշխարհաքաղաքական վայրիվերումների հետ։ Այսպես, ըստ գերմանական Der Spiegel շաբաթաթերթի, որը նույնպես տեղեկություն էր ստացել WikiLeaks-ից, պետդեպարտամենտի ներկայացուցիչը գաղտնի նամակում հաղորդել է, թե Նեթանյահուն Միացյալ Նահանգներին իրազեկել է միջուկային զենքի արտադրության գործում Իրանի առաջխաղացման մասին, սակայն Իսրայելի վարչապետի գնահատականը, ամերիկյան պաշտոնյայի կարծիքով, ավելի շուտ հիմնավորված չէ և նպատակ ունի Վաշինգտոնի վրա ճնշում գործադրել, որ վերջինս ուժեղացնի ճնշումը Իրանի Իսլամական Հանրապետության վրա։ Ասենք, Իսրայելի ղեկավարությունը երբեք էլ չի թաքցրել իր վերաբերմունքն իրանցի «Հիտլերի» վարչակարգի նկատմամբ (ի դեպ, Սպիտակ տան միջանցքներում այդպես են անվանում Ահմադինեժադին), այնպես որ, Իսրայելի վերաբերյալ ոչ մի նոր բան չեն բացահայտել հրապարակված դիվանագիտական ուղերձները։ Փոխարենը բրիտանական Guardian թերթը փաստաթղթեր է հրապարակել, որոնք կարող են երկրաշարժ առաջացնել արաբական աշխարհում և հրեշավոր բախում Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև։ Փաստաթղթերից մասնավորապես պարզվում է, որ Սաուդյան Արաբիայի թագավորը, ինչպես նաև Հորդանանի և Բահրեյնի պաշտոնատար անձինք «բացեիբաց կոչ են արել, որ բոլոր միջոցներով, ներառյալ ռազմական, դադարեցվի Իրանի միջուկային ծրագիրը»։ Բրիտանական լրագիրը նաև հատվածներ է զետեղել գաղտնի փաստաթղթերից, որոնցից երևում է, որ Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Եգիպտոսում Իրանն անվանում են «չարիք» և «էկզիստենցիալ սպառնալիք», որը «մտադիր է մեզ ներքաշել պատերազմի մեջ»։ WikiLeaks-ից բաժին է հասել նաև թուրք վարչապետին։ Ինչպես երևում է «արտահոսած» հերթական դիվանագիտական ուղերձից, ամերիկացի դիվանագետները նրան շատ ցածր գնահատական են տալիս, իսկ հեռագրերից մեկում ասվում է, թե Էրդողանն իրեն շրջապատել է «կիսագրագետ, շիզոֆրենիկ խորհրդականներով», որոնք Անկարայի սահմաններից դուրս գլուխ չեն հանում քաղաքականությունից։
Շեշտվում է նաև Էրդողանի հակումը դեպի իսլամական արմատականները, իսկ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններն Էրդողանը քաղում է, փաստորեն, բացառապես ծայրահեղ իսլամական բնույթի լրագրերից։ Այդ հիման վրա ամերիկացի դիվանագետները կասկածի տակ են առել ԱՄՆ-ի և արևմտյան աշխարհի համար հուսալի գործընկեր լինելու Էրդողանի կառավարության հավաստիացումները։ Շատ «ուսանելի են» Ալիևների տոհմի մասին նյութերը։ Բացի այն, որ զեկույցներից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի առաջին տիկինն այնքան պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել, որ հազիվ է կարողանում դեմքը «կառավարել», հրապարակված փաստաթղթերում կան նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Բիլ Բյոռնսի 2010-ի փետրվարի 25-ին կայացած հանդիպման մանրամասները։ Ասվում է, թե Ալիևը «կոպտորեն, փողոցային ժարգոնով է արտահայտվում Դմիտրի Մեդվեդևի և Վլադիմիր Պուտինի հասցեին»։ Այդ նույն արտահայտություններով է Ալիևը խոսում Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված բանակցությունների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։ Մեդվեդևի որոշումները հաստատվում են «վարչապետի պաշտոնավայրում», ենթադրում է Ադրբեջանի նախագահը, իսկ «շատ բարձրաստիճան պաշտոնյաներ, ի դեմս Մեդվեդևի, չեն ճանաչում ղեկավարի»։ Ալիևը նաև ասել է, թե ինքը զգում է, որ Մեդվեդևի և Պուտինի միջև առճակատում կա, իսկ ադրբեջանցիները ասացվածք ունեն` «երկու գլուխ չի կարելի եփել մի կաթսայում»։ Ադրբեջանա-իրանական հարաբերություններն Ալիևն անվանել է լարված ու անկայուն և հայտարարել, թե Իրանը շարունակում է քաղաքական սադրանքներն ընդդեմ Ադրբեջանի, ընդ որում, ավելացրել է. «Ես չեմ հասկանում, թե Իրանի գերագույն առաջնորդն ինչու է շեշտը դրել Ահմադինեժադի վրա։ Ըստ երևույթին, նա մտածել է, թե Իրանի բարձրագույն ղեկավարության մեջ երկու ադրբեջանցի անչափ շատ կլինի»։ Բյոռնսը Ալիևի հետ հանդիպմանը խոսել է նաև Ռուսաստանի հետ ստորագրված գազային համաձայնագրի մանրամասների մասին։ Ալիևի խոսքերով` ադրբեջանական կողմը գնացել է այդ քայլին, որ Թուրքիային թույլ չտա դառնալ էներգետիկ կենտրոն։ Պետքարտուղար Քլինթոնի գործակալներից հայտնի է դառնում նաև Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում «Իրանին հատուկ հետևողի», իսկ նրանից էլ` Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի նիստում տեղի ունեցած վեճի մասին։ «Հեղափոխության պահապանների» զորակայանի զայրացած հրամանատարը` Մուհամմադ Ալի Ջաֆարին, ինչպես ասվում է, կատաղի վեճի մեջ է մտել Մահմուդ Ահմադինեժադի հետ և հարվածել է նրա դեմքին, որովհետև սովորաբար պահպանողաբար տրամադրված նախագահը, որքան էլ տարօրինակ է, արտահայտվել է ի պաշտպանություն մամուլի ազատության։ Մոտ օրերս ԶԼՄ-ներն ու քաղաքագետների մեծամասնությունը, անշուշտ, կզբաղվեն «գաղտնի փաստաթղթերի» այդ «գանձարանի» ուսումնասիրմամբ. չէ՞ որ այժմ հնարավորություն կա համաշխարհային քաղաքական շատ իրադարձություններ դիտելու նրանց կարծիքների պրիզմայով, ովքեր մասնակցել են դրանց։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ